Ես ակնկալում եմ, որ նախարարությունից իջնեն, մեր աչքերի մեջ նայեն և այդ հերքումը մեր աչքերի մեջ նայելով արտահայտեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՀՀ արդարադարության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ՝ անդրադառնալով նախարարի կողմից հերքմանը, թե ՀՀ սահմանամերձ տարածքները Ադրբեջանին հանձնելը վավերացնող փաստաթուղթ է ստորագրելու Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում և այն այժմ ընթացակարգեր է անցնում Արդարադատության նախարարությունում։
«Անձամբ ինձ համար այդ հերքումը բան կփոխի, այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի, մեր քաղաքացիները ունեն տեղեկացվածության իրավունք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը գտնում է, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալու՝ այդ փաստաթուղթը ի՞նչ է՝ միջազգային պայմանագի՞ր է, թե՞ ևս մեկ հայտարարություն։ Իսկ որ այդպիսի փաստաթուղթ կա, գուշակում է Փաշինյանի «լղոզված» արտահայտություններից Մեղրիի մասին, ռազմագերիների մասին և այլն։
«Բնականաբար, ճշմարտանմանության աստիճանի մասին է խոսքը։ Մենք ունենք ճշմարտանման իրավիճակ, որովհետև մի քանի օրից այցը լինելու է, այս ընթացքում ինչ-որ տեղեկատվություն է անընդհատ շրջանառվում․ իբր «Մեղրի» բառը չի լինելու՝ միջանցք է, թե՝ այլ տերմին է կիրառվում, նորից ռազմագերիների վերադարձի մասին է խոսքը այն դեպքում, որ այդ մասին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ վերջնականպես գրված էր։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ինչ-որ փաստաթուղթ, ըստ երևույթին, պատրաստ է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նախարարության կողմից հերքումը, նրա խոսքով, բավարար չէ, քանի որ մենք ունենք իրավիճակ, երբ՝ 3 օր Շուշին թշնամու ձեռքում էր, իսկ վարչապետը հայտարարում էր, որ մարտերը շարունակվում են․ «Իսկ դուք ասում եք՝ արդարադտության նախարարը հերքեց․ բացարձակ վստահություն չի ներշնչում»։
Անորոշության պարագայում տարբեր մանիպուլյացիաներ կարող են լինել՝ վստահ է իրավապաշտպանը։
«Մենք պետք է իմանանք, օրինակ, թե քանի անհետ կորած կա, որ ծրագրեր իրականացնենք։ Այս պահին պետությունը օրեցօր կորցնում է վստահությունը, մենք 44 օր վստահեցինք Արծրուն Հովհաննիսյանին, նրան բոլոր վստահողները հիմա չգիտեմ ինչպես են հիշում նրան»,-նկատեց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց՝ մենք չենք ուզում երկրորդ արծրունական իրականություն ստանալ։
Մանրամասն՝ տեսանյութում․
Yerkir.am