Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր

9

Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և  տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին՝ տարբեր պատճառներով։

Մեկ տարի առաջ տեղի չունեցավ հայկական գիտակցության համախմբում, Հայաստանի և սփյուռքի կոնսոլիդացիա՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։

Հիմա 680 հազարանոց ընտրազանգվածն ակնհայտորեն նոսրացել է, բայց նրա կատարած ընտրության հետևանքները մնում են. 

  • Հայաստանը չկարողացավ փակել պատերազմի և պարտության էջը։
  • Հայաստանը շարունակում է մնալ ծայրահեղ կենսական ռիսկերի առաջ։
  • Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ և ստորացումներ
  • Հայ հասարակությունը շարունակում է մնալ բզկտված, պառակտված և առանց միավորող որևէ առանցքի։ Անտարբեր՝ սեփական պետության առաջ։
  • Հայաստանի ներքին կառավարումը պարալիզացված է, չկա որևէ բարեփոխում, որևէ առաջընթաց, կառավարման օղակները գրեթե չեն գործում։ 

Անցած տարվա ընտրությունների հետևանքով ձևավորվեց ոչ թե օրենսդիր և գործադիր իշխանությունն, այլ՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական և գործադիր թիկնազորը։ Ուրիշ ֆունկցիա ԱԺ-ը, կառավարությունը և պետական կառավարման մյուս մարմինները չունեն։

Պատահական չէ, որ ընտրություններից մեկ տարի անց առկա է քաղաքական խորը ճգնաժամ։ Իշխանությունը սա չի ընդունում, և ինչ-որ տեղ «իրավացի» է։ Իրականում մենք գործ ունենք խոր պետակա´ն ճգնաժամի հետ, որի թե´ ծավալները, թե´ ռիսկերը շատ ավելին են քան՝ սովորական քաղաքական ճգնաժամը։

Գործող խորհրդարանը սպառված է, գործող կառավարությունը՝ անիմաստ. սա պարզ է, բայց պետության շուրջ առկա լարվածությունը և պետության ներսում առկա ազգային-հասարակական բարոյալքումը շատ ավելի բարդ խնդիրներ են, որոնք, ուզենք-չուզենք, թակելու են մեր դուռը, շատ շուտով։

Մնում եմ այն հստակ տեսակետին, որ չի կարելի թույլ տալ ներքին չարության ծավալում, պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության՝ լսել իրար, պետք է պատրաստ լինել թե´ նոր ընտրությունների, թե´ ազգային համաձայնության կառավարության գաղափարին։ Երեկվա ողբերգական սպանությունները հենց սա են հաստատում։

Պատրաստ լինել՝ նշանակում է բերել նոր գաղափարներ, իրականության պրագմատիկ ընկալում, ներքին նոր բարքեր, փոխզիջումներ, և ամեն անձնականի ստորադասում՝ պետականության գաղափարին։ Մեկ տարի առաջ մենք անորոշ ժամանակով  հետաձգեցինք արժանապատվության վերականգնման և հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փուլը։ Մեկ տարին մեզ տրված էր՝ նաև մեր սխալները վերլուծելու և հասարակության ներսում կատարվողը հասկանալ փորձելու համար։ Ովքեր այդ ժամանակը ճիշտ են օգտագործել և արել են եզրահանգումներ, պետք է անցնեն հաջորդ քայլին՝ սկսեն գործել։

Վահե Վովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ 

Հ. Գ.

Մոտ օրերս Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում կկազմակերպի քննարկում՝ ընտրություններից մեկ տարի հետո ստեղված վիճակի և լուծումների շուրջ։