Որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ Չալաբյանը որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով

11

Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի եւ լկտի քաղաքական հետապնդում: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:

«Մայիսի 13-ին Ավետիք Չալաբյանը հարուցված քրգործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ:  Քրգործը հարուցվել է 2 հազար ուսանողների հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք է  առաջադրվել հենց այդպես, կոնկրետ՝ մեկից ավելի անձանց (2 հազար ուսանողի) հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը, որը փոփոխութէյան է ենթարկվել նախորդ տարի մայիսին, նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն հավաքներին հարկադիր մասնակցելուն հարկադրելու համար, այլ նաեւ հավաքներին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: 

Այս պահին վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մի ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձանց շահագրգռել է հավաքներին մասնակցել, այլ անգամ ձեռք չի բերել որեւէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Ավետիք Չալաբյանը ընդհանրապես որեւէ մեկին նյութապես  շահագրգռել է մասնակցել հավաքի»,- ասաց փաստաբանը:

Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց հայտնի ձայնագրությունը, որում Թոռնիկ Ալիյանը սադրանքի է ենթարկում զրուցակիցներին եւ անընդհատ խոսում փողի մասին, որին ի պատասխան՝ Ավետիք Չալաբյանը շատ հստակ ասում է, որ միգուցե գոյատեւելու համար ֆինանսն է կարեւոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարեւոր։

«Այստեղ ունենք մի դերակատար՝ Թոռնիկ Ալիյանը, որը ենթադրյալ հնարավոր նյութական շահագրգռության հասցեատերն է, բայց շատ կարեւոր է, որ նույնիսկ Թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, անգամ հերքել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն երբեւէ որեւէ նյութական շահագրգռություն է առաջարկել որեւէ հանրահավաքի մասնակցելու նպատակով: Քրգործով չկա նաեւ որեւէ այլ անձի կողմից նման պնդում»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Չալաբյանին մեղասգրվել է հատկապես 163-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետը, որովհետեւ կալանք կարելի է կիրառել միայն այն հանցագործությունների դեպքում, որոնց համար պատիժը նախատեսում է մեկ տարուց ավելի ազատազրկում:

Վարազդատ Հարությունյանը նաեւ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Այդ տխրահռչակ հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանը, Էմմա Սարգսյանի հետ քննարկելով Թոռնիկ Ալիյանին քաղաքական պրոցեսների մեջ ներգրավելու հարցը, ասում է, որ Թոռնիկ Ալիյանը քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրված, գաղափարական որեւէ աշխատանքի համար ոչ նպատակահարմար, ֆինանսի մասին հոգացող անձնավորություն է: Աննպատակահարմար է նրան ներգրավել քաղաքական պրոցեսներում՝ որպես գաղափարական ուսանող: Ուստի եթե նա ունի կազմակերպչական օղակներ, ապա կարող ենք նրա ևմնացած ուսանողների հետ, որոնք պատրաստ են վճարովի  աշխատանք կատարել, կնքել  վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիմա վրա կներգրավենք տեխնիկական աշխատանքներում:

Ավետիք Չալաբյանը սրա վերաբերյալ հարցաքննվել եւ ցուցմունք է տվել 25 օր առաջ: Մինչ այս պահը Ավետիք Չալաբյանը չի առերեսվել իր ցուցմունքի կապակցությամբ քրգործով անցնող որեւէ այլ անձի դեպքում: Նախորդ դատական նիստում քննիչը հստակ հայտարարեց, որ որեւէ հակասություն չկա Ավելիք Չալաբյանի արած նոր հայտարարությունների եւ գործով անցնող մնացած վկաների ցուցմունքների մեջ: Այստեղ հարց՝ եթե չկա հակասություն, բա Ավելիք Չալաբյանին բանտարկված ինչո՞ւ եք պահում»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը մատնված է անգործության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: