Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:
Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:
Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։