Կայացավ «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը

82

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը։ 

Գիրքը վերահրատարակվել է երկրորդ անգամ՝ 93 տարի հետո՝ Օրմանյան Սրբազանի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ։

«Խոհք եւ խօսք» գիրքը ներկայացնում է ազգային-եկեղեցական գործիչ, պատմաբան, հայ եկեղեցու դավանաբանության անգերազանցելի տեսաբան, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները։ Դրանք ներառում են Սրբազանի՝ ուսումնառությունից մինչև պատրիարքական շրջանը՝ ամբողջությամբ բացահայտելով նրա ապրած ժամանակն ու գործունեությունը, ինչպես նաև նրա ջանքերը Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի և ընդհանրապես կրթության գործում։

Պատրիարքը գիրքը գրել է Երուսաղեմում և Դամասկսում՝ Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում, երբ աշխարհի վիճակն անորոշ էր, հայության վիճակը՝ անհուսալի ու ողբալի ընթացքի մեջ։

«Պարզապէս և սոսկապէս ըմբռնումի և յիշողութեան արտադրութիւն է․ նպատակս ալ հեղինակութիւն մը արտադրել չէ եղած, այլ՝ միայն ժամանցի զբաղում մը ունենալ, քանի որ խաղի ու ծուխի սովորութիւնը չունիմ»,-գրում է Սրբազան Օրմանյանը։

Այդ իրողության մեջ 75-ամյա Սրբազանը հանձն է առնում գրի առնել՝ հետահայաց նայելով իր կյանքին, կյանքի փորձություններին և փորձառությանը, վերլուծել մարդկային արժեքները․ այսինքն՝ այս ինքակենսագրական պիտակի տակ նա ներկայացնում է հավատքով առաջնորդվող անձնական վկայությունները։

Այն երկ է, որն ամբողջությամբ բացահայտում է Սրբազանին, նրա ապրած ժամանակն ու գործունեությունը։

Գրքի լույսընծայումն այսօր առավել քան արդիական է, երբ շատ արժեքներ հարցականի տակ են դրվում՝ մեր երկրի և աշխարհի մակարդակով։

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան գրքի մեկենաս Փառեն արքեպիսիկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Հայր Շահե Անանյանը, գրաքննադատ, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և այլոք։

Վերջիններս կարևորեցին գրքի վերահրատարակումը՝  Սրբազան Օրմանյանի գործը, վաստակը նորից գնահատելու, նրա տված դասերը սովորել շարունակելու տեսանկյունից։ Նրանք ընդգծեցին՝ չնայած Մաղաքիա Օրմանյանի շուրջ եղած հակասական  կարծիքներին, պետք է արժանին գնահատել, ուսումնասիրել նրան՝ որպես գիտնականի, հոգևորականի, աստվածաբանի և մանկավարժի։  

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն