Երկար տարիներ մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս. այսօր պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։
Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։
Եթե ավելի պարզ ասեմ՝ լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն, անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն ավելացնում է անգամներով։
Այս նույն բանաձևը կիրառելի է նաև արտաքին հարաբերությունների այլ ոլորտներում, ինչպես նաև ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից։ Սա կարելի է պետության և պետական հիգիենայի էական և կենսական մաս համարել։
Այս նկատառումով է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»։




