«Ընիքը» ինչ-որ մի բանը կամ որեւէ մեկն է՝ Ալավերդիի ու Նոյեմբերյանի բարբառով։ Բառը քիչ կիրառելի է, կիրառողներն էլ հիմնականում տարեցները կամ ընդգծված բարբառախոսներն են։ Մի քանի տարի առաջ տարածաշրջանի գյուղերից մեկում գերմաներեն էի պարապում։ Կրկնուսույցն ապագա ժամանակն էր բացատրում․ «Ես կգնամ ընիքանց տուն»։ Մի լավ ծիծաղեցի օրինակի վրա, բայց արդյունքն այն էր, որ բարբառային «ընիքանց» բառն օգնեց հեշտ յուրացնել ապագա ժամանակի կազմությունը։
Այսօր, երբ քննարկվում է «Մաթեմատիկա» առարկայի «Մաթեմյանների» ընտանիքի ու նրանց զավակների անունները, մասնավորապես, «Ադիի» ու «Բուդիի», ակամա «Ընիքանց» ընտանիքը հիշեցի։
Հերոսների անունները, գուցե, այդքան էլ հաջող չեն (չնայած ըստ իս՝ «Մաթեմյաններ» ազգանունը լա՛վ է ընտրված), բայց կարեւորը ո՛չ թե հերոսների անուներն են, այլ «նրանց» տված գիտելիքն ու այն մատուցելու եղանակը։ Եթե «Ադին» կամ «Բուդին» երեխաներին սովորեցնելու են մաթեմատիկան ավելի հեշտ ըմբռնել եւ առօրյայում կիրառելիության օրինակով են բացատրելու, թե մաթեմատիկայի տվյալ բանաձեւը, աքսիոմը կամ ալգորիթմը կյանքում որտեղ են պետք գալիս, ապա քննադատությունը, անկեղծ ասած, անհիմն է։
Փոխարենը մտահոգիչ է հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցներում դասագիրք չլինելու հանգամանքը պայմանավորում է բոլորով, բացի՝ իրենից ու իր ղեկավարած կառույցից։ Ասում է՝ դասագրքերի տպագրության մեջ է կարգ փոխվել, խաղի նոր կանոններ են սահմանվել եւ այլն։ Մի խոսքով՝ իրենք ամեն ինչ ճիշտեւճիշտ արել են, թերացողներն այլ՝ իրենց հետ կապ չունեցող օղակներն են։ Իրականությունը սակայն այն է, որ աշակերտներն այսօր պատճենահանված թղթերից են դաս սովորում։ Թե հիմա ով որտեղ է թերացել, ոլորտում ինչ նորամուծություններ են եղել, խիստ երկրորդական է ․ կա փաստ, որ երեք դասարան՝ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ, մնացել են առանց դասագիրք։ Հանրակրթության պատասխանատու գերատեսչությունը ԿԳՄՍ նախարարությունն է, եւ եթե անգամ դասագիրք տպող հրատարակչությունները մեկ օրում հօդ ցնդեին, նախարարությունը պե՛տք է այլընտրանք ունենար։ Թե չէ՝ «մենք մեղավոր չենք», «արեւն արեւելիքց արեւմուտք չի ծագել», «լիալուսնի օրերն են եղել» եւ անհարկի այլ արդարացումները, դասականի ասած, «սիրուն չի»։
Հիմա նորից գալով «Մաթեմյաններին»։ «Մաթեմատիկա» առարկան շատերս չենք սիրել, հետեւաբար՝ նաեւ սովորել ու ըմբռնել ուսուցչի պատճառով։ Մեկը ես՝ դասից առաջ «Հայր մեր» էի ասում, խաչակնքվում, նոր դասարան մտնում։ Դա ոչ թե իմ, այլ ուսուցչի գնահատականն է։ Ի տարբերություն մեր ու, վստահ եմ, հանրապետության դպրոցների մեծ մասի ուսուցչի՝ «Մաթեմյանների» օրինակով դասագիրք կազմած ուսուցիչն իր աշակերտներին տարին մի քանի անգամ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների է տանում եւ վերադառնում ոսկե մեդալներով։
Սեւակ Վարդումյան