Չինացի գիտնականները մշակել են ոչ թանկարժեք նյութ, որը կարող է խմելու ջրի անվերջ պաշար ապահովել:
Սպունգանման նյութը կարելի է օգտագործել մթնոլորտային ջուր հավաքելու համար՝ գրեթե ցանկացած տեղում եւ ցանկացած ժամանակ:
Պարզ ինքնաշեն անոթ օգտագործելով՝ մեկ օրում 1 կգ բարձր տեխնոլոգիական նյութի միջոցով կարելի է ստանալ մոտ 2,56 լիտր խմելու ջուր, որը համապատասխանում է չափահաս մարդու ջրի օրական նվազագույն պահանջարկին։ Միաժամանակ, 1 կգ հիդրոգելը, որն ունի սպունգանման հյուսվածք եւ մակրածակոտկեն մակերես, հետազոտողների գնահատմամբ, արժե ընդամենը 2,80 ԱՄՆ դոլար։
Աշխատանքը ղեկավարել է Լյաոնինի Հյուսիսարեւելյան համալսարանի դոցենտ Թիան Յեն։ Նրա խմբի աշխատանքի արդյունքները ներկայացվել են ACS Applied Materials & Interfaces ամսագրում հրապարակված հոդվածում։
Յեի թիմը նոր մեթոդն օգտագործել է ռացիոնալ կերպով մակրոծակոտկեն հիդրոգել ստեղծելու համար:
Հոդվածի առաջին հեղինակ Լյու Տոնգը ասում է, որ անսպասելի հայտնագործությունը պատահաբար է արվել:
«Ես հիդրոգել պատրաստելիս փորձեցի կալցիումի քլորիդը (CaCl2) փոխարինել լիթիումի քլորիդով (LiCl), որպեսզի ստուգեմ, թե արդյոք այն աշխատում է: Պարզվեց, որ հիդրոգելի ներսում լիթիումի քլորիդի կաթիլները մնում են չսառեցված մինուս 70 աստիճանում՝ ըստ Ցելսիուսի։ Երբ այն տեղադրվում է վակուումային համակարգում, կաթիլների ներսում փուչիկները պայթում են, եւ ձեւավորում է մակրածակոտկեն կառուցվածք»,- ասել է նա:
Ավելի ուշ ապացուցվել է, որ ծակոտկեն կառուցվածքները նույնպես արդյունավետորեն կլանում են ջուրը։
Աղբյուր՝ News.am