«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները կարող են մուտք ստանալ երկրի նախորդ կառավարության տվյալների բազային և օգտագործել ստացված տեղեկատվությունը՝ հետևելու աֆղաններին, ովքեր օգնել են ԱՄՆ-ին ռազմական արշավի տարիներին: Այդ մասին գրում է Politico-ն:
Թերթի համաձայն, կառավարության տվյալների բազաներում պահվում է տեղեկատվություն դրսից ֆինանսավորվող նախագծերի, դրանց հետ կապված անձանց, քաղաքացիների կենսաչափական տվյալների և հարկային հաշվետվությունների վերաբերյալ:
«Կասկած չկա, որ նրանք ձեռք են բերել տեղեկատվության չափազանց արժեքավոր պաշար», գտնում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին սպա Թոմաս Ուորիքը:
Ամերիկացի զինվորականներն ու դիվանագետները Աֆղանստանից հեռանալիս հապշտապ ոչնչացրել են աֆղանների վերաբերյալ իրենց ունեցած տվյալները, սակայն Politico-ն կարծում է, որ երբ Թալիբանն արագորեն սկսեց վերահսկել Քաբուլը, քիչ հավանական է, որ աֆղանական ընկերություններն ու պետական մարմինները նման նախազգուշական միջոցներ ձեռնարկած լինեին: