Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ է սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով նրան ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ անօրինական թիրախավորման մեջ. հայտնում է BBC News-ը։
Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատում դեմոկրատները արգելափակեցին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հանրապետականների փորձը՝ ի նշան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների դեմ բողոքի:
«ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն ձերբակալության օրդեր տալով», – ասվում է Թրամփի հրամանի մեջ:
Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը քայլեր է ձեռնարկել իր աշխատակիցներին ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար՝ նրանց նախապես վճարելով երեք ամսվա աշխատավարձ՝ հնարավոր սահմանափակումների ֆոնին. Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դատարանը բախվում է ԱՄՆ-ի քաղաքականությանը։ 2020 թվականին Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի և իրավասության տնօրեն Ֆակիսո Բենչոչոհոյի նկատմամբ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի ենթադրյալ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, սակայն օրինագիծը չընդունվեց Սենատում:
ՄՔԴ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները «օրենքի գերակայությանը միջամտելու անընդունելի փորձ են»:
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 2002թ.։ Ավելի քան 120 երկիր վավերացրել է Հռոմի ստատուտը, որը ՄՔԴ-ի իրավական հիմքն է, ևս 34 երկիր ստորագրել է այն և կարող է վավերացնել ապագայում։
Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Իսրայելը չեն հանդիսանում Հռոմի ստատուտի կողմեր։
2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինական պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների կասկածանքով։
Մոսկվան օրինականորեն առոչինչ է համարել Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշումը։
Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը և չի վավերացրել Հռոմի ստատուտը։