«Երեկ արդեն ոչ պաշտոնական կապուղիներով մեզ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ հարված հասցնելու մասին»,- հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ: Լուկաշենկոն, հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը, ասել է. «Միութենական պետության արեւմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում Է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»։ Լուկաշենկոյի խոսքից մեջբերումը հրապարակել է «ԲելՏա» գործակալությունը։