Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների շարունակությունը կարող է հանգեցնել այլ դերակատարների ասպարեզ մտնելուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարին հեռախոսազրույցում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
Ինչպես նշում է mehrnews.com-ը, Բաղերին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մուհամմադ Ալ Աթիյայի հետ։
Կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու և Գազայի ժողովրդին օգնություն տրամադրելու համար՝ գեներալ Բաղերին ընդգծել է, որ անկախ կառավարությունները պետք է լրջորեն արձագանքեն ստեղծված իրավիճակին:
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը և որոշ երկրների անմիջական աջակցությունն ու օգնությունը ավելի են բարդացրել իրավիճակը և կարող են հանգեցնել այլ դերակատարների մուտքին ասպարեզ», – հավելել է Բաղերին:
Նա նաև շեշտել է, որ «այս բարբարոսությունների շարունակման դեպքում դիմադրության խմբերի կողմից արձագանքի հավանականություն կա»։