ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր նոր TRUTH Social սոցիալական ցանցում չեն լինի անհասկանալի արգելափակումներ ու գրաքննություն։ Ամերիկայի նախկին առաջնորդի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անցյալ շաբաթ ես խոսեցի նոր ընկերության ստեղծման մասին: Ինձ համար այս նախաձեռնությունը չի առնչվում միայն քաղաքականությանը, այն կապված է մեր երկիրը փրկելու հետ», – ասված է Թրամփի հայտարարության մեջ։
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները բռնել է «գրաքննության վտանգավոր ճանապարհը», երկրի բնակիչները ստիպված են լսել «ինքնահռչակ դատավորների փոքր խմբի» հրահանգներին, թե ինչ է թույլատրվում ասել և մտածել։
Թրամփը հույս ունի դեպի իր հարթակ գրավել ոչ միայն հանրապետականներին, այլև դեմոկրատներին, այլ քաղաքական հայացքների կողմնակիցներին։
Նախկին ղեկավարը նշում է, որ իր նախաձեռնության լիարժեք իրականացումը կպահանջի մի քանի տարի և մեծ ֆինանսական ներդրումներ։