Աֆղանստանում կստեղծվի գների վերահսկման հանձնաժողով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առևտրի և ներդրումների պալատի ներկայացուցիչներին:
Հանձնաժողովում կընդգրկվեն սննդամթերք արտադրողների միության անդամները, առևտրաարդյունաբերական պալատի անդամները և արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները:
Երեքշաբթի օրը «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Քաբուլում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Թալիբան»-ը մտադիր է բարելավել Աֆղանստանի ներդրումային գրավչությունը և վերականգնել նրա տնտեսությունը` ներգրավելով մասնագետների: Մուջահիդի խոսքով՝ թալիբները պատժամիջոցներ չեն կիրառի այն մասնագետների և ձեռնարկությունների նկատմամբ, ովքեր համագործակցել են Աֆղանստանում օտարերկրյա ուժերի հետ: