2023 թվականի պետական բյուջեի նախագիծն այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համարժեք փաստաթուղթ է, որն ունի նաև շարունակվող պոպուլիստական բնույթ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Իրավիճակին ոչ համարժեք է, որովհետև գնաճը շեշտակի ավելի բարձր է, քան այն նվազագույն սոցիալական երաշխիքները, որոնք ավելացվում են՝ կլինի նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ, թե նպաստներ։
Ոգևորված տնտեսական բարձր ակտիվությամբ, որն իշխանության հետ որևէ աղերս չունի, այլ զուտ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակ է, ՀՀ իշխանությունն այդ ակտիվությունը վերագրում է իրեն և հաջորդ տարվա համար անիրական մակրոտնտեսական ցուցանիշներ սահմանում»,- ասաց դաշնակցական պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ փոխանակ լուծելու խորացող սոցիալական առկա խնդիրները՝ ՀՀ իշխանությունը կրկին բարձրացնում է կապիտալ ծախսերը՝ անցած տարվա 60 տոկոսի դիմաց ավելացնելով մոտ 40 տոկոսով։
«Սա արվում է՝ լավ իմանալով, որ այդ ծախսերը թերակատարվելու են, և դրանք հասցեատեր չունեն։ Ի վերջո, չկան կոնկրետ հասցեատերեր, որոնք կգնան և կպահանջեն այդ ծախսերը։ Իրենք էլ կարող են թերակատարել, հետո՝ տարվա վերջ, գալ, բյուջեի կատարողականը զեկուցել, փակել-գնալ։
Օրինակ՝ այս տարի նախատեսված կապիտալ ծախսերի թերակատարումը 70 տոկոս է, իսկ հաջորդ տարի իրենք եղածի վրա ավելացնում են մոտ 40 տոկոս՝ շուրջ 600 միլիոն դրամ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօրվա նիստում ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Նախագիծն ստացավ 66 կողմ, 28 դեմ ձայն:
Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: