Պռոշյան համայնքում և Սյունիքի մարզում մաքսային-լոգիստիկ կենտրոններ կկառուցվեն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ երեք դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրմանը, որոնք վերաբերում են Երևանի և Սյունիքի մարզում մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցմանը։
Ծրագրերի ընդհանուր արժեքը գնահատվում է 57 միլիոն եվրո, որից 49 միլիոն եվրոն կտրամադրի ՎԶԵԲ-ը՝ վարկի տեսքով, իսկ 8 միլիոն եվրոն կհատկացվի որպես դրամաշնորհ։
Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոնը, որի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո, կկառուցվի Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում։ Նախագծի ֆինանսավորումից 39 միլիոն եվրոն կապահովի ՎԶԵԲ-ը, իսկ 6 միլիոն եվրոն կտրամադրի Եվրոպական միությունը՝ դրամաշնորհի ձևաչափով։
Սյունիքի կենտրոնը, որը կտեղակայվի Սիսիանի շրջանում, կարժենա 12 միլիոն եվրո։ Այդ գումարից 10 միլիոն եվրոն կտրամադրվի ՎԶԵԲ-ի վարկի հաշվին, իսկ 2 միլիոն եվրոն՝ ԵՄ դրամաշնորհով։
Ծրագրերով նախատեսվում է կառուցել վարչական շենքեր և սպասարկման կենտրոններ՝ արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար, ինչպես նաև ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը։ Սյունիքի կենտրոնի տանիքին նախատեսվում է տեղադրել արևային էլեկտրակայան, իսկ Երևանում՝ ընթացակարգերն ամբողջությամբ թվայնացնել (փոխադրել էլեկտրոնային ձևաչափի)։
Համաձայնագրերով նախատեսվում է նաև տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն՝ գնումների կազմակերպման, շինարարության վերահսկման, բնապահպանական հավաստագրման և էներգախնայող լուծումների ներդրման ուղղություններով։
ՎԶԵԲ-ի փոխանցմամբ՝ երկու կենտրոններն էլ կդառնան Հայաստանի առաջին պետական շենքերից, որոնք կստանան միջազգային «կանաչ» հավաստագիր՝ համապատասխանելով կայուն ու էներգաարդյունավետ շինարարության համաշխարհային չափանիշներին։
