ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ավարտեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։

Անսամբլն իր կեսդարյա պատմությամբ ներկայացավ երևանյան հանդիսատեսին՝ ցուցադրելով հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք արտիստների արդեն մի քանի սերունդ ամրագրել է երկացանկում ու որպես այցեքարտ՝ ներկայացնում է թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան Վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն», «Բերդ», ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարի անսամբլները, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատվոգրերով», իսկ հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Անսամբլն իր կողմից «50-ամյա Հորովել» հուշամեդալներով պարգևատրեց գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանին և համերգային ծրագրի ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին։








