Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Պերճ Պռոշյանի լուսանկարչական խորամանկությունը

Հայ վիպասան Պերճ Պռոշյանը (1837-1907 թթ.), ինչպես և մեր շատ գրողներ կեցության դժվարություններից ելնելով՝ գրողական գործին զուգահեռ, կամ դրանից առաջ տարբեր գործերով է զբաղվել:

Մասնավորապես Պերճ Պռոշյանը եղել է ուսուցիչ, դպրոցի տեսուչ, ածխավաճառ և…հայ առաջին լուսանկարիչներից:

Սովորելով լուսանկարչական հմտություններ, նա սալոն է բացում, իսկ նկարները ստորագրում «Պերճ Աշտարակեցի» անունով:

Առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861 թ.:

Պռոշյանի լուսանկարները հիմնականում դիմանկարներ են, սակայն կան նաև հուշարձանների ու եկեղեցիների պատկերներ:

Գրողի լուսանկարչական գործունեության մի զավեշտալի դրվագ է ներկայացնում Ալեքսանդր Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» հուշագրության մեջ.

«Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ էր եղել, հետո՝ լուսանկարիչ, հետո էլ՝ չգիտեմ ինչ:

Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը:

Ռուս-թուրքական պա­տերազմին՝ 1876 թ. մի օր, Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ:

– Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշ­յանը:

– Առանձին-առանձին:

Պռոշյանը, տեսնե­լով, որ այդքան մարդկանց լուսանկար­ները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության:

Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.

– Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:

Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է.

– Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ:

– Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը:

Զինվորները հեռանում են գոհ սրտով:

Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում

— Եղբայր,— ասում էր նա, — այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ»։

Ընտանիք

Պերճ Պռոշյանի հայրը՝ Ստեփան Տեր-Առաքելյան Պռոշյանցը (Խուբովյանց), եղել է դերձակ։

Նա ամեն ինչ արել է, որ որդիները լավ կրթություն ստանան և դրա համար հրավիրել է Էջմիածնից Շապուհ Շահնազարյանցին, որը բացել է դպրոց Աշտարակում։

Նախնական գրել-կարդալը Պերճ Պռոշյանը սովորել է հորից և եղբորից՝ Խուբով (Տեր-Առաքել)։

Ծնունդով աշտարակցի մայրը՝ Ֆալաք Մարգարյան-Մելումյանցը, եղել է մեծահարուստ ընտանիքից։

Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից եղել է Սայաթ-Նովայի ծոռնուհին։

Եղել է կիրթ և բանիմաց կին։

Հետագայում Պռոշյանը իր հուշերում գրել է, որ եթե չլիներ Աննան, ինքը չէր լինի այն, ինչ կար։

Ունեցել են 6 զավակ՝ 3 աղջիկ և 3 տղա։

1․Պերճանույշ Պռոշյան (1870-1935), մանկավարժ,

2.Աշխեն Պռոշյան (1877-1964), մանկավարժ,

3․Շուշանիկ Պռոշյան (1881-1943), մանկավարժ,

4․Պռոշ Պռոշյան (ապրիլի 22, 1883-դեկտեմբերի 16, 1918), քաղաքական գործիչ,

5․Էաչի Պռոշյան (1886-1958), գեղանկարիչ,

6․Պապաք Պռոշյան (1890-1957), իրավաբան։

Պռոշյանը մահացել է Բաքվում։ Թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։

Ալվարդ Ալեքսանյան