«Թերլեմեզյան» ցուցասրահում բացվեց արվեստագետ, Քոլեջի դասախոս Գեղամ Գեղամյանի «Շղարշ» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Ժամանակակից իրականության դինամիկ ռիթմերի մեջ հաճախ ականատես ենք լինում մարդկային ամենատարբեր հարաբերությունների աղավաղման, թվացյալ կայուն կարգերի/համակարգերի բեկման, նոր իրականության ու աշխարհընկալման ձևավորման, ինչն էլ իր հերթին բերում է մարդկային զգացմունքների կուտակման, միկրո աշխարհների գոյացման: Իրականության այդ փոփոխությունները գեներացնում են կյանքի ընկալման նոր ձևեր ու նոր լեզու: Արվեստագետ Գեղամ Գեղամյանի գործերը` ստեղծագործական տարբեր փուլերում այդ դեֆորմացիաների մեջ կարելի է դիտարկել որպես անհատի հոգեբանական տարբեր վիճակներին, դրանց ձևափոխմանն անդրադառնալու հնարավորություն: Նրա արվեստը ներհայեցողական է, արտաքին աշխարհի ազդեցության տակ ներսում խտացվող հույզերը դիտարկելու փորձ, դրանով իսկ` զգայուն, փխրուն:

Նուրբ զգայությունը հատուկ է մասնավորապես հեղինակի 2023 թվականին ստեղծած աշխատանքներին, ուր տեսնում ենք անհատի, այս պարագայում` արվեստագետի մտորումները արտաքին աշխարհի ու ներսում կուտակված հույզերի սահմանների մասին, քողարկվածն ու դրա ֆորմալ անդրադարձը ստեղծագործության վրա, անձնականն ու դրա մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտությունը: Ամեն մի կտավում այդ ռեֆլեքսիաները ստանում են յուրատիպ գեղավեստական ձև, ինքնուրույն կյանք ու նշանակություն, դիտողին ուղղված զգայական պատկեր, որը կարող ենք ընկալել որպես երկխոսության հնարավորություն: Հատկանշական է, որ պատկերներն ունեն հուզական մեծ ազդեցություն, ընդ որում էական չէ այն ներձգող է, թե ինքնամփոփ: Կոմպոզիցիաներում յուրաքանչյուր դետալ կարևոր է, կշռադատված. այստեղ ներդաշնակված են սահուն, հաճախ ակտիվ գծային ռիթմն ու հագեցած, խիտ գույները, որոնք բացահայտում են դրանցում ներդրված զգացմունքների ու ապրումների հիմնականում ներհակ վիճակները:

Կարծես իրար մեջ խորտակվող, սահող պատկերները միայն ակնարկում են կոնկրետ միջավայրում որոշակի իրավիճակների, կերպարների մասին` թողնելով հարցադրումներ, խիստ սուբյեկտիվ զգացողություններ: Այս տեսանկյունից առավել հետաքրքրական են դիմանկարները` հիմնականում ինքնանկարները, որոնք բացահայտում են արվեստագետի մեղմ, հանգիստ, բայց միաժամանակ անհանգիստ ու ըմբոստ էությունը:

Հեղինակը չի ստեղծում կեղծ իրավիճակներ. իր մարդկային տեսակին բնորոշ ազնվությամբ նա դիտողին հաղորդակից է դարձնում իր մտահոգություններին, աներկյուղ խոսում է սիրո մասին` պարզ ու անհպելի, ինչպես երազ: Պարզության, նույն սիրո գաղափարը, որը հեղինակի մոտ ստանում է աննյութեղեն, թափանցիկ տեսք, թելի նման իրար է կապում բոլոր գործերը, տեղ-տեղ տեսանելի ցանցի պես գրկում է ողջ մակերեսը, որոշ դեպքերում էլ մասնատում է պատկերը տարածության մեջ` թողնելով խորը սև սպիներ` հիշողության հետքեր: Գեղամի արվեստում առանցքային է ընդհանուր առմամբ երազի ֆենոմենը, որը թրթռացող շղարշի պես բաժանում է իրականությունն ու երազանքը:







Արվեստաբան` Ելենա Մովսեսյան