Անունդ վախով եմ տալիս

Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:


Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում`
Թանկագին գաղտնիքի նման:


Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է` օդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի:


Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ-ոք:
Սակայն դու սիրելիս, հոգիս,
Անունս տալի˚ս ես արդյոք…

Արամայիս Սահակյան