25 բուժառու չի տեղափոխվել Հայաստան, նրանք վերադարձել են Արցախ. կասեցվել են հումանիտար բեռնափոխադրումները դեպի Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից առավոտյան արդեն տեղեկացրել են, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Բացի դրանից, չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:
Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը»,- նշված էր Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև՝ Ադրբեջանը վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները
