23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին, ցավեցրին։ Այսպիսին էր 23-րդ «Ոսկե ծիրան»-ի շաբաթը՝ հուլիսի 12-19-ը Երեւանում։ Մի շաբաթ կինոթատրոնից կինոթատրոն էի վազում՝ մոռացած, թե ինչ է կատարվում երկրում ու աշխարհում։ Հաշվեցի՝ ընդամենը քսանվեց ֆիլմ էի դիտել ներկայացված իննսուն ֆիլմերից՝ հայկական, համաշխարհային, ծեծված ու անսպասելի թեմաներ արծարծող։ Փառատոնն ընդգրկվել է աշխարհի լավագույն քառասունինը փառատոնների ցանկում, կարելի է փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը իսկապես հաջողել է։ Սուսաննա Հարությունյանը, Հարություն Խաչատրյանը եւ Միքայել Ստամբոլցյանը ավանդույթի համաձայն համալիրի լուսավոր դահլիճում ձեռքները վեր բարձրացրին ու հայտարարեցին փառատոնի բացումը։

Փառատոնի բացման Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը, որը ցուցադրվել էր Լոկարնոյի փառատոնի բացման ժամանակ եւս, տարբեր քննարկումների առիթ դարձավ կինոսիրողների համար։ Ֆիլմում Արտոյի ֆրանսուհի կինը գալիս է Հայաստան՝ Գյումրի՝ փորձելով գտնել Արտոյի ծննդականը, որպեսզի երեխաները ցանկության դեպքում ստանան հայկական անձնագիր։ Արխիվում բացահայտվում է, որ Արտոն մինչ Հայաստանից մեկնելը մասնակցել է Արցախյան պատերազմին, հետո, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոշել փոխել ազգանունը ու նոր կյանք սկսել արդեն Ֆրանսիայում։ Ինձ դուր եկավ Թամարայի՝ շատ մեծ ֆիլմ անելու մղումն ու սերը, սակայն ֆիլմում նկատածս անհամապատասխանությունները ինձ համար հարցեր առաջացրին։ Անցակետում չգիտես ինչու հայ զինվորը, ֆրանսիացու անձնագիրը վերցնելով, պատիվ է տալիս ու սկսում երգել ֆրանսերեն, չգիտես ինչու հայրը խոսում է հայաստանյան հայերենով, դուստրը՝ ոչ, ֆիլմում զարմանալիորեն հաճախ էին հանդիպում ֆրանսերեն խոսողները, իսկ ամենավերջում՝ Արցախում ապրող հովիվը, որ կցկտուր խոսում էր տարբեր լեզուներով, վզին քեֆիյա էր փաթաթել։ Ես կարող եմ գրազ գալ, որ Արցախում երբեւէ քեֆիյա չեմ տեսել։

Փառատոնի հատուկ հյուրն էր Սիմոն Աբգարյանը, որ խաղում է Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» եւ «Դը Գոլ. Ազատություն» ֆիլմերում։ Սիմոն Աբգարյանը ստացավ «Վարպետ» մրցանակը, դահլիճի հոտնկայս ծափահարություններն ու հանդիսատեսի սերը ստիպում էին Աբգարյանին երբեմն արտասվել։ Դերասանն իր խոսքում կարեւորում էր դիմադրությունը։ Հետաքրքիր է, թե ինչ էր մտածում հայաստանցի հանդիսատեսը դիտելով Դը Գոլի անզիջում պայքարը՝ կապիտուլյացիայի ենթարկված երկիրն ազատագրելու, առանց ընկրկելու հայրենի երկրի համար պայքարելու փորձը։ Դը Գոլը լավ էր հասկանում, որ զիջումները տարբերակ չեն, որ քո տարածությունից եթե մի քայլ զիջես, ապա զիջելու ես ամբողջը։

Ֆիլմերը շատ էին ու բազմազան, դրանց բոլորի մասին խոսելու դեպքում տեքստը շատ կերկարի: Ես կառանձնացնեմ հայ ռեժիսորների եւս մի քանի ֆիլմ, որ դիտել եմ: Քանի որ ֆիլմերը ցուցադրվում էին զուգահեռ չորս տարբեր կինոդահլիճներում, անընդհատ բարդ ընտրության առջեւ էի, բայց որեւէ ֆիլմի նախապատվություն չեմ տվել, ուղղակի գրում եմ այն ֆիլմերի մասին են, որ դիտել եմ։

Առաջինը Կոմս Շահբազյանի «Այստեղ, այլուր» ֆիլմն է, որտեղ 2020-ից հետո Մեծ Թաղերից Ստեփանակերտ տեղահանված Արծիվն ու իր կինը՝ Տաթեւը, նկարում են իրենց առօրյան ու պայքարը՝ հայտնվելով իննամսյա բլոկադայում իրենց հինգ երեխաների հետ։ Արծվիին վաղուց եմ ճանաչում։ Մեծ Թաղեր գյուղում նկարահանումներիս ժամանակ Արծվին էր ինձ ուղեկցում գյուղի հին կամուրջ, Ազոխի քարանձավ եւ այլ պատմական վայրեր։ Այն օրերին ինձ ավելի շատ հետաքրքրում էին մարդկանց պատմությունները, ոչ վայրերի, սակայն այսօր ուրախ եմ, որ այնուամենայնիվ եղել եմ Ազոխի քարանձավում։ Դիտմանը ներկա էր նրա ընտանիքը, իսկ վերջում Արծվիի մայրը Կոմսին ձոնեց Տերյանի՝ «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին» բանաստեղծությունը։
Ստեփանակերտից 2023-ին բռնի տեղահանված Նարիկոն ասաց, որ այդ օրը երկրորդ անգամ է եկել նայելու ֆիլմը։ Ասաց, որ կարոտել է իր թաղը, ափսոսաց, որ Արծվիի բնակարանի պատուհանից իր պատշգամբը չի երեւում։

Մյուս ֆիլմը՝ Հովհաննես Իշխանյանի «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն է, որի հերոսները փրկվելով 1988 թ. Ադրբեջանի պլանավորված հայկական ջարդերից, հասնում են Արցախ, հետո կրկին լքում իրենց տները։ Հովհաննեսը ֆիլմի ցուցադրությունը նվիրեց ապօրինի բանտարկված Ավետիք Չալաբյանին, Կարապետ Պողոսյանին ու բոլոր քաղբանտարկյալներին։
Մեկ այլ հետաքրքիր կարճամետրաժ էր Անահիտ Յաղճյանի «Ընտանեկան հարաման», որը բանաստեղծական լեզվով բացահայտում էր հետծննդյան ընկճախտը։ Հայկական ֆիլմերից դիտեցի գրող Գրիգոր Պըլտյանի մասին պատմող ֆիլմը՝ «Պարտեզը, որ քեզ երազեց», ռեժիսոր՝ Ժասմին Ռազարյան։ Բանաստեղծը Փարիզի իր պատշգամբում ռեհան էր աճեցնում, հատակին հայկական գորգեր էին, բայց ռեժիսորը օտարազգի դիտողի համար դրանք չէր «թարգմանել»։

Դիտածս ֆիլմերի ճնշող մեծամասնության մեջ այս կամ այն կերպ հայտնվում էին տարբեր կենդանիներ, հեղինակները մեկ էլ, շա՛տ անսպասելի (կամ սպասելի) ինչ կենդանի ասես, որ չէին «բերում» ֆիլմ՝ պինգվին, ջայլամ, աղավնի, հավ, էշ, մրջյուն։
Շատ էին հոգեբանական, քաղաքական խնդիրներ վերհանող, իրական դեպքերի հիման վրա նկարված սյուժեները, ու եթե մենք լուրերում կարդում էինք, օրինակ, որ հայրը երեխային մոռացել է մեքենայում, երեխան մահացել է, ապրումակցում, անցնում առաջ, ապա «Հայրը» ֆիլմի նկարահանող խումբը քեզ էդպես հեշտ բաց չի թողնում, այլ ֆիլմի սկզբից վերջ ստիպում է տառապել։ Եթե իրական կյանքում չես տեսնում բոլոր դրվագները, մասնակից չես լինում ամեն ինչի, ապա այստեղ որեւէ տարբերակ չունես, ուղղակի ստիպված ես հոր հետ զգալ նրա բոլոր անմարդկային ապրումները։

Մեկ այլ՝ «Առյուծը թիկունքիս» ֆիլմը, ռեժիսոր՝ Տոնիա Միշիալ, երկու կանանց ընկերության մասին էր, կրկին լրագրողական առումով կարեւոր մի թեմայի՝ ոչ օրինական փախստականների մասին հիշատակումով։ Ֆիլմն իր դանդաղ հոսքով քեզ իր բռի մեջ է պահում, միայն վերջում տալով հավաքված հարցերի պատասխաններ։ Իմիջիայլոց, այս ֆիլմը այն քչերից էր, որի վերջաբանը լավատեսական էր։
Աֆղանական «Լավ տղամարդ չկա», ռեժիսոր՝ Շահրբանու Սադաթ, ֆիլմում գլխավոր հերոսուհին՝ Նարուն (մարմնավորում է Շահրբանու Սադաթը), Քաբուլի գլխավոր հեռուստակայանի միակ կին օպերատորն է։ Նա նոր է բաժանվել իր դավաճան ու բռնարար ամուսնուց և միայնակ խնամում է 3-ամյա որդուն՝ Լիամին։ Աշխատավայրում մշտական սեքսիզմի ենթարկվելով և անձնական կյանքի դառը փորձից ելնելով՝ Նարուն լիովին հիասթափված է հակառակ սեռից և հաստատ համոզված է, որ լավ տղամարդ չի մնացել։ ֆիլմի վերջում հեռուստատեսությունում աշխատող կին օպերատորը թալիբների՝ Քաբուլի գրավումից հետո ստիպված է լինում իր որդու հետ լքել այն։ Այս ամենը Սադաթը ներկայացրել է թեթեւ հումորով, իսկ ֆիլմում հնչող երաժշտությունն անսպասելիորեն լավն է։ Կուզեի հանդիպել նրան իրական կյանքում։

Մեկ այլ տարբերվող ֆիլմ էր ժյուրիի նախագահ Ջեսիկա Հաուզների «Զրո ակումբ»-ը: Միայն այս մեկը հասցրի դիտել, որտեղ միջավայրը, գույները, կոմպոզիցիան, դերասանների սառը, անբնական խաղը լրիվ այլ մոլորակ են մեզ տեղափոխում։ Եթե շատ ֆիլմեր դիտելիս, օրինակ «Հաբիբի Հուսեյն», ռեժիսոր՝ Ալեքս Բաքրի, նյարդայնանում էի օպերատորի խախտած կոմպոզիցիաներից, որոշ դոկումենտալներ բարկացնում էին ցերեկային անդուր լույսով, ապա այստեղ ամեն բան հասցված էր կատարելագործության։
Իննա Սահակյանի եւ Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին»՝ ծերանոցի կյանքի մասին պատմող իրական փաստագրական ֆիլմի դիտումը դահլիճում աշխուժություն էր առաջացնում: Հետաքրքիր էր, թե հանդիսատեսն ինչպես էր արձագանքում այս կամ այն հերոսին։ Ժյուրին ստիպված էր մի քանի անգամ լռություն խնդրել, սակայն ապարդյուն։ Ֆիլմում մի քանի զուգահեռ զարգացող պատմություն էր միաձուլված՝ Արցախյան պատերազմն ու բլոկադան, ծերերի ամուսնությունն ու բաժանումը, թատերական խմբակի գործունեութունը։

Հուլիսի 19-ին ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները։ Ես կարող եմ համաձայն լինել կամ չլինել նրանց հետ, սակայն, ժյուրի լինելու փորձս մտաբերելով, չէի նախանձում նրանց, քանի որ ստիպված էին գնահատելու իրարից այնքան տարբեր փաստագրական ու խաղարկային ֆիլմեր։
Ստորեւ պաշտոնական հաղորդագրությունն է՝ հաղթողների անուններով։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ, ապառնի, շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։ Բացի այդ, Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է նաև Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6 000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։

Արարողության ժամանակ փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին։
Փառատոնը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ։
Տեքստը եւ լուսանկարները՝ ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
