Ակնհայտ է, որ Հայաստանում փաստացի կա երկու բևեռ. հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ իր ասուլիսի ժամանակ ասում է, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 ք/կմ-ի մեջ՝ դա ուտոպիա է, և խոսում են պահանջատիրության մասին։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին։
«Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի։ Քոչարյանի նման քաղաքական գործիչների ռևանշիստական խոսույթը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է։ Դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղաղապահ և լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։
Յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի և ձեզ կբացատրի դա»,-ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ ԱԺ նախագահը նկատեց.
«Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պիտի սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Լա՞վ չի որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պիտի մեր երեխաները զոհվեն։ Վա՞տ է դա, ես կարծում եմ՝ լավ է։
Դուք բոլորդ, իմ հետ միասին, ստեղծել ենք մի պետություն, մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պիտի պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի և դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք բերել ենք մեր բևեռացումը. Այո՛, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը՝ ՔՊ-ն, խաղաղության կուսակցություն է, իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։
Նպատակը հետևյալն է. ԽՍՀՄ-ը փլվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, և մեր տարածքում թողել է չլուծված, սահմանային հարցեր, մեզ էլ ասել է՝ դուք որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չի, այնտեղ էլ է ձեր տունը, այնտեղ էլ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված լինենք իրենցից։ Ես հեծանիվ չեմ հորինում։ Այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և այո՛, 2026 թվականի ընտրություններում ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև»։





