Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, բարձրաստիճան մի շարք սպաներ ազատվել են աշխատանքից

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել․  Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող». Հունվարի 19-ին, Կառավարության նիստը վարչապետ Փաշինյանն սկսեց գույժով։

Այնուհետև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակեց. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին։ Կրակը հնարավոր չի եղել մարել»։

Փաշինյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 19-ի գիշերը զինվորական կացարանում.

«Պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել  5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է նաև բենզինը, հրդեհը տարածվել է։ 5 լիտրանոց բենզինով տարան  շպրտվել է կացարանի ուղղությամբ։ Մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ, այլ ինքնապաշտպանական բնազդով»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտյան որոշում է կայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատել։ ՀՀ նախագահը որոշումն  արդեն ստորագրել է։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը, կորպուսի հրամանատարի տեղակալը՝ մարտական հերթապահության գծով, N  զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալը, N զորամասի ինժեներական ծառայության պետը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։

Նիկոլ Փաշինյանն ապահովագրեց իր կառավարությանը կատարվածի մեջ մեղքի բաժին ունենալուց. «Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը  հրաման է ստորագրել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

Այդ կանոններից մեկում ասված է՝ խստիվ արգելել վառարանի համար որպես կպչան օգտագործել բենզին և այլ դյուրավառ նյութեր, դրանք պահել հեռու։

ՆԳՆ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է հրդեհի վայր, թեև հեռավարությունը բավականին մեծ է եղել»։