Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը. խոսքը Մարթին Ռիանի մասին է. Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ Ադրբեջանը ֆրանսիացուն մեղադրում է լրտեսության մեջ:
Նշենք, որ ադրբեջանական կողմը երկու օր առաջ է հայտարարություն տարածել, թե Ադրբեջանում բռնել է ֆրանսիացի լրտեսի և պարզել նրա ինքնությունը։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», – հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ի պատասխան՝ Բաքուն կոչ է արել ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է.
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ որևէ հիմք չունեն։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է՝ Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ»։
Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանավոր նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով։ Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հետ։
«Այդ կապակցությամբ դեսպանատան այս երկու աշխատակիցն Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական գործողություններին»,- ասել է Հաջիզադեն։