ՔՊ նախընտրական ծրագրում անդրադարձ կա «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ներդրումային նախագծի աշխատանքների մեկնարկին։ Ըստ այդմ՝ առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում, ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն 2026 թվականին, համոզված եմ, գետնի վրա կսկսենք աշխատանքները, և իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը, և, իմիջիայլոց, այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու:
Ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը ՀՀ քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել»,- նշեց նա:
Նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը: Ըստ Փաշինյանի՝ սա շատ արագ, այն է՝ 1-1,5 տարվա ընթացքում կյանքի կկոչվի:
ՔՊ նախընտրական ծրագրում է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցումը՝ մինչև 2033 թվականը, ինչպես նաև 2500 կմ ավտոճանապարհների կառուցումն ու վերակառուցումը։
Ըստ Փաշինյանի՝ իրենց իշխանությունը նպատակ է սահմանել կրկնապատկել հայկական արտադրության ապրանքների արտահանումը։
«Հաջորդ կետը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը։ Համոզված ենք, որ առաջիկա տարիներին այդպիսի ռեժիմ կհաստատենք, և ՀՀ քաղաքացիները ԵՄ երկրներ կայցելեն առանց վիզայի. կենսաչափական անձնագիրը վերցնում եք, առանց կոնտակտի սահմանն անցնում եք և առանց խոչընդոտի մեկնում Եվրոպա»,- ասաց Փաշինյանը
Նա խոստացավ նաև զարկ տալ անասնաբուծությանը՝ շեշտելով, որ իրականացնելու են տավարի մսի ինքնաբավության բարձրացման ծրագիր՝ 88 տոկոսից մինչև 93.5 տոկոս, տոհմային խոշոր եղջերվոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում, կաթի ինքնաբավության բարձրացում։ Բացի այդ՝ մինչև 2033 թվականը նախատեսվում է 10 ջրամբարների կառուցման մեկնարկ՝ Ելփին, Աստղաձոր և այլ համայնքներում։
ՔՊ նախընտրական ծրագրում նախանշված է նաև ամեն տարի պետբյուջեից հատկացում կատարել առնվազն 2 համաշխարհային աստղերի համերգները Հայաստանում կազմակերպելու համար։









