Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա. Արշակ Սրբազանը՝ իշխանություններին նզովելու մասին

Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով միջադեպին, երբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ինքն անեծքի ու նզովքի խոսքեր էր հնչեցրել իշխանությունների հասցեին:

«Մենք խոսում ենք գոյություն ունեցող արատների, մեղքերի, սխալ ընթացքների մասին։ Եթե մենք նզովքի մասին խոսում ենք որպես ինստիտուցիոնալ երևույթ, ապա դա կյանքի է կոչվում համապատասխան գործիքակազմերով։ Մինչդեռ Ծիծեռնակաբերդի բարձունքում իմ հնչեցրած խոսքս վերաբերում էր ինձ և իմ դիտարկումներն ու գնահատականներն էին։

Խոսքը վերաբերում էր բոլոր նմանօրինակ երևույթներին։ Չեմ կարծում, որ զուգահեռներ անցկացնելու անհրաժեշտություն կա, չեմ կարծում, որ պետք է Մյուռոնօրհնեքի արարողությանը իշխանություններին  հրավիրելու և Ծիծեռնակաբերդի  խոսքում կատարված շեշտադրումների միջև անջրպետ ու ջրբաժան տեսնել»,-շեշտեց հոգևորականը։