Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը. Աշոտ Փաշինյանը հերքում է, որ իր վրա հարձակվել են

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»: