Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Ցանկացած «բարեփոխում» առանց համապատասխան նախապատրաստական, բացատրական աշխատանքի դառնում է չարեփոխում․ Վրթանեսյան

Հայաստանում աճեցրած կաղամբ. 450 դրամ/կգ․․

Աշխարհի մյուս ծայրում աճեցրած ու հետո Հայաստան հասցրած բանան. 480 դրամ/կգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Դրամարկղի հերթում մոտ 10 րոպե լսում էի բուռն քննարկումը. մարդիկ հայհոյում էին տոպրակ թանկացնողներին։

Մի քանի անգամ հնչեց «վերևները» բառը (այն արտասանելիս հայացքը հառելով առաստաղին)։ 2 անգամ հնչեց նաև «կառավարություն» բառը։

Ամբողջ քննարկման ընթացքում ոչ ոք, բառացիորեն ոչ ոք, ընդհանրապես չհիշեց բնապահպանության թեման։

Ժողովուրդը սա միանշանակ ընկալել է որպես «տոպրակները 3 անգամ թանկացրել են»։

Ակնհայտ վերահաստատում է այն պարզ ճշմարտության, որը երկար տարիներ կրկնում ենք տարբեր առիթներով. ցանկացած «բարեփոխում» առանց բազմակողմանի վերլուծության, առանց համապատասխան նախապատրաստական (այդ թվում՝ բացատրական) աշխատանքի դառնում է չարեփոխում։ Կոնկրետ այս դեպքում հենց բնության համար է աղետ դառնում, քանզի ավելի շատ պոլիէթիլեն է նետվելու շրջակա միջավայր՝ ավելի հաստ ու ավելի դժվար քայքայվող…

Նույնը՝ QR կոդերի, պատվաստումների, բանակի ու հարյուրավոր այլ հարցերով»,- գրել է Վրթանեսյանը։