Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող էքսկուրսիա անցկացնել, այսօր լրագրողներին պատմեց «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» զբոսավարներից մեկը։
«Խոսքը 5-10 հոգու մասին չէ, մոտավորապես 80-100 հոգանոց խմբերի մասին է խոսքը, որովհետև հիմա զբոսաշրջության համար Հայաստանը բարձ սեզոն է համարվում, և մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով աշխատում ենք։
Ստացվում է՝ ամեն անգամ մերժելով՝ վանում ենք մեր զբոսաշրջիկներին։ Գործնական հեռախոսն ինձ մոտ է. եթե ցույց տամ, թե ինչքան զանգեր են եկել տուրիստներից՝ խնդրանքներով, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժել եմ»,- պատմեց աշխատակիցը։
Մեկ այլ զբոսավար էլ նշեց, որ գործարանն ամռան ամիսներին մեծ թվով զբոսաշրջիկներ է ունենում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայից, և բոլոր զբոսաշրջիկներն էլ, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, ափսոսանք և ցավ են հայտնում։










