Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության հասնելն այժմ կախված է Բաքվից. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Թվում է, թե Հայաստանի վարչապետը պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», – ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ասել է նա:
Ըստ Օ’Բրայենի, իրականում հարցն այն է՝ պատրա՞ստ է արդյոք նույն կերպ վարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հետո ավելացրել է. «Նա հայտարարեց, որ պատրաստ է»:
Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին ռազմական և այլ տեսակի օգնություն տրամադրելը։
«Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր և «ակնարկել Բաքվին, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում», – ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։