Օրերս Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն հիմնադրեց։ Համագումարի ավարտին Արզաքանցյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որի ընթացքում շնորհակալություն հայտնեց իր ծնողներին` իրեն «աճեցնելու» համար։ Ինչպես և սպասելի էր` Արզաքանցյանի այս ելույթն էլ համացանցի թոփ զվարճանքների շարքը համալրեց։
Հետաքրքիր է, որ Արզաքանցյանին ծաղրում էին գործիչներ, որոնք կամ նախկին իշխանության մաս են կազմել կամ նախկին իշխանավորների թիմակիցներ են։ Նրանք որ հաստատ ծիծաղելու առիթ չպետք է ունենային, քանի որ կենսաբանորեն ծնողների կողմից «աճեցված» Արզաքանցյանը, քաղաքական իմաստով «աճեցվել» է հենց նախկին իշխանությունների կողմից։ Սա այն եզակի դեպքերից է, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության մեղքը։ Արցաքանցյանն իր կրթական առկա «բագաժով» պատգամավոր է դարձել 2003 թվականին և մաս է կազմել այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի։
Ազնվության համար ասենք, որ նախկին նախագահների իշխանության ընթացքում Արզաքանցյանը միակ «աճեցված քաղաքական մետաստազը չի եղել։ Քաղաքական դաշտը լցված էր նման կերպարներով, որոնք հիմնականում իշխող թիմի ներկայացուցիչներ էին։ Հենց նրանց շնորհիվ քաղաքականությունը դարձավ «փեշակ», գործից գլուխ հանող մարդիկ հեռու փախան քաղաքական գործընթացներից ու վերջում ստացանք այն ինչ ստացանք։
Ու հիմա լավ կլինի նախկին իշխանավորները կամ նրանց թիմակիցները Արզաքանցյանին ծաղրելու փոխարեն ներողություն խնդրեն հանրությունից, որ նրա համար քաղաքականության դուռ են բացել, պատգամավոր դառնալու հնարավորություն են տվել։
Politik.am









