Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
-Պարո՛ն Բաբայան, ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա հսկիչ անցակետ են տեղադրել, և ինչպես պարզ է դառնում սոցիալական ցանցերում նրանց տարածած տեսանյութերից, արցախցիներին սեփական հայրենիք մուտք գործել թույլ են տալիս բացառապես նրանց փաստաթղթերն ու ավտոմեքենաները մանրակրկիտ ստուգելուց հետո։
Մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը նմանօրինակ տեսանյութերը քարոզչական նպատակներով կօգտագործի միջազգային հարթակներում՝ ցույց տալու, թե իբր՝ «Տեսե՛ք, այստեղ որևէ վատ բան չկա, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ստուգում ենք, հայերն էլ առանց ընդդիմանալու անցնում են. ուրեմն՝ երկու ժողովուրդները կարող են նաև խաղաղ համակեցություն վարել ադրբեջանի իշխանության ներքո»։
-Ադրբեջանը, հսկիչ կետ տեղադրելով, տեսանյութեր տարածելով, լուծում է իր առջև դրված խնդիրները։ Այսինքն՝ նպատակ է դրել և գնում է այդ նպատակը իրագործելու ճանապարհով։ Մենք էլ մեր խնդիրներն ու նպատակները պետք է լուծենք, բայց, ինչքան հասկանում եմ, մենք ոչ խնդիր ենք դրել մեր առաջ, ոչ էլ նպատակ։ Մենք կործանվում ենք, հասկանո՞ւմ եք։
-Նման պայմաններում փորձե՞լ եք կամ կփորձե՞ք հատել ադրբեջանցիների կողմից վերահսկվող անցակետով։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ձեզ՝ որպես բնիկ արցախցու, ադրբեջանցիները թույլ տան մուտք գործել սեփական հայրենիք միայն մանրազնին ստուգելուց հետո։
-Ես չեմ փորձել հատել, բայց բոլորս էլ ոչ թե մտավախություն ուենք, այլև համոզված ենք, որ դրա վերջն ինչ է լինելու։ Ադրբեջանը իր այդ քայլերով առաջացնում է մեր ժողովրդի զայրույթը։ Դրա համար ես հիմա հանդիպումներ եմ ունենում, բացատրում եմ ժողովրդին, առաջարկում եմ իրավիճակից դուրս գալու տարբերակները։ Այս հարցերը հնարավոր է լուծել միայն փոխվստահությամբ։ Եթե չենք գնում դրան, նորից սրում ենք իրավիճակը, իսկ դա չի բխում ո´չ մեր, ո´չ Ադրբեջանի շահերից։
-Պարո՛ն Բաբայան, Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գորիսից իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում արցախցիները հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, ԱՀ քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, ինչից հետո միայն թույլ են տվել մուտք գործել Արցախ։
Արդյոք համոզիչ եք համարում ԱՀ պետնախարարի այս հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ մեկ շաբաթ է՝ մամուլում, սոցիալական ցանցերում բազմաթիվ նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էին շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ, և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:
-Նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել որևէ մեկի հայատարարությունը։ Ընդամենը ասեմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու Արցախի իշխանությունների քայլերը զրո են, զը-րո´։