«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակում վատթարացում կա։ Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ՝ ի պաշտպանություն պրոֆեսորի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց բժիշկներից մեկը։
«Շաքարը չի իջնում, գլյուկոզան նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում։ Որքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու օրգանիզմն ունի իր օրենքները, ու ոչ ոք դրա դեմ ոչինչ չի կարող անել»,- հայտնեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից և Մարդու իրավունքների պաշտպանից դեռևս պատասխան չեն ստացել։ Բայց իրենք սպիտակ խալաթներով այս ակցիայի արդյունքում ոչ թե պարզապես պատասխան են ակնկալում, այլ որ իրենց խոսքը տեղ հասնի, ու պրոֆեսորը գործընկերների կողքին՝ ազատության մեջ լինի։
«Երաշխավորում ենք, որ նա չի փախչի ոչ մի բանից, երաշխավորում ենք, որ նա չի խանգարի գործընթացին։ Չեմ էլ պատկերացնում, թե էդ առողջական վիճակով ուր պիտի գնա, որ նկուղում պիտի թաքնվի կամ ինչի համար»,- նշեց բժիշկը։







