Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Սա փաստացի քրեական հետապնդում է. Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն ապօրինի է. փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն ապօրինի է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ խուզարկության ընթացքում փնտրել են էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր, որոնք կարող էին գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել։ Գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, փողերի լվացմանը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը։

Էրի Ալեքսանյանը նշեց, որ խուզարկությամբ հայտնաբերվածը եղել են հուշանվերներ և իրեր, որոնք ընդհանրապես չեն կարող նշանակություն ունենալ գործի համար։

Փաստաբանը միաժամանակ շեշտեց՝ Լևոն Քոչարյանի տանը խուզարկության ապօրինի է, քանի որ նա, լինելով պատգամավոր, օժտված է անձեռնմխելիությամբ։

«Դե յուրե Լևոն Քոչարյանը կարգավիճակ չունի, բայց դե ֆակտո ունի մեղադրյալի կարգավիճակ, քանի որ խուզարկություն է կատարվել։ Սա փաստացի քրեական հետապնդում է»,- ասաց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նախ դատախազը պետք է գար ԱԺ, ներկայացներ համապատասխան միջնորդագիր՝ փաստացի քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանալու համար։

Կիսվել