«Սա ռազմական հանցագործություն է և ցեղասպանություն». Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական հարձակմանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Հարձակումը հիվանդանոցի վրա, որտեղ կան կանայք, երեխաներ և անմեղ քաղաքացիներ, զուրկ է մարդկային նկարագրից: Կոչ եմ անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար»:
Էրդողանի հայտարարությունից հետո Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը խորհուրդ տվեց Թուրքիայում գտնվող իսրայելցիներին անհապաղ լքել երկիրը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է.
«Ռուսաստանը և ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստի առաջարկ են արել՝ կապված Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ»:
Հորդանանի ԱԳՆ-ից ասել են.
«Հորդանանը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում գտնվող «Ալ-Ահլի» հիվանդանոցի դեմ»:
Եգիպտոսի ԱԳՆ-ն արձագանքել է.
«Եգիպտոսը քաղաքացիական թիրախի այս միտումնավոր ռմբակոծությունը համարում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդկային հիմնական արժեքների խախտում»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի խոսքը.
«Այս կոտորածի պատասխանատվությունը կրում է թշնամին, որը հարվածել է հիվանդանոցին, մզկիթին և եկեղեցուն՝ նույն տեղում: Ամերիկացիներն անսահմանափակ արտոնություն են տվել թշնամուն այս հանցագործությունները կատարելու համար: Սրանք բոլորը ռազմական հանցագործություններ են, սա ցեղասպանություն է»։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստորեն դատապարտում է հարձակումը։ Նախնական տվյալներով՝ այնտեղ հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կան։ Մենք կոչ ենք անում անհապաղ պաշտպանել քաղաքացիներին և առողջապահական անձնակազմին, ինչպես նաև վերացնել տարհանման հրամանները»:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է.
«Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է ահավոր հանցագործությունը, որը կատարվել է իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից՝ թիրախավորելով Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ»:
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունը.
«Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս կոտորածի, ինչպես նաև նմանատիպ այլ ջարդերի պատասխանատվությունը դնում է արևմտյան երկրների վրա և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների, որոնք մեղսակից են Պաղեստինի ժողովրդին բնաջնջելու իսրայելական գործողություններին»: