Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն՝ լավ գիտացելով, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից։ Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ, փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։
Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության։
Եթե նախորդ վեց տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ դաշտի բոլոր ուժերն անխտիր այս նպատակի շուրջ միավորեին իրենց ջանքերը, այս օրը չէինք հասնի։Այս ժամանակահատվածում տարբեր միավորներ առանձին-առանձին պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեին։ Հետևաբար ճանապարհը մեկն է՝ համակարգված դիմադրություն այս գործող հանցավոր ռեժիմի դեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ նկատեց՝ մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը հրաժարավում է փողոցային պայքարից։
«Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Խնդիրն է՝ ե՞րբ, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ ուժերով։ Այդ քննարկումները շարունակվում են»,- ասաց քաղաքական գործիչը։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվում է։
«Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը՝ հետապնդվելու է, այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման հետ, կապ չունի՝ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ, ինչ-որ պահի, եթե սրանք մնան իշխանության, հայտնվելու է այս ամենի մեջ»,- ամփոփեց Սաղաթելյանը։











