Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) եւ այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Այս մասին ասված է Վարչապետի աշխտակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Այնտեղ, մասնավորապես, նշվում է. «Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից, որովհետեւ Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, եւ նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը»:
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, ինչը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:
Վարչապետի աշխատակազմը պնդում է, որ այդ գործընթացի արդյունքում հայաստանյան որեւէ գյուղ չի զրկվում է ճանապարհից. «Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքային ճանապարհ, եւ գործնականում էական խնդիրներ չկան»:
Ինչ վերաբերում է Ոսկեպարի ճանապարհին, նշվում է, որ այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում:
