Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտը վերցվել է լիակատար վերահսկողության տակ

«Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել է, որ Արտյոմովսկ քաղաքը (Բախմուտ) Դոնեցկում վերցվել է լիակատար վերահսկողության տակ, փոխանցել  է«Ինտերֆաքսը»։

«Այսօր… Բախմուտը լրիվ վերցրել ենք»,- ասել է Պրիգոժինը, որի հայտարարությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Պրիգոժինը շնորհակալություն է հայտնել գեներալներ Սերգեյ Սուրովիկինին  եւ Միխայիլ Միզինցեւին, «որոնք մեզ հնարավորություն տվեցին իրականացնել այս ծանր գործողությունը», ինչպես նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «հայրենիքը պաշտպանելու հնարավորության եւ բարձր պատվի համար», տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Սուրովիկինն Ուկրաինայում Միավորված զորախմբերի փոխհրամանատարն է։ Մայիսի սկզբին Պրիգոժինը հայտարարել էր, որ ՄՌԸ-ն մարտական կարգադրություն է ստացել, ըստ որի՝ գեներալը սկսել է պատասխանատու լինել պաշտպանության նախարարության հետ այդ կառույցի փոխգործակցության համար։ Կրեմլում կամ ռազմական գերատեսչությունում  սա չեն մեկնաբանել։ Միզինցեւը զբաղեցրել է նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալի պաշտոնը նյութատեխնիկական ապահովման գծով։ Ապրիլի վերջին ՌԲԿ-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ նա թողել է այդ պաշտոնը, իսկ նրա փոխարեն եկել է Ալեքսեյ Կուզմենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել Պրիգոժինի՝ քաղաքը վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ ուկրաինական կողմը «վերահսկում է այդ շրջանի որոշակի արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտներ եւ մասնավոր հատվածը»։

Եվգենի Պրիգոժինը վերջին ժամանակներս հրապարակայնորեն հակառակվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Մայիսի սկզբին նա հրապարակել էր տեսանյութ, որտեղ հայհոյախառն գոռում էր ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին՝ պահանջելով «Վագներ» ՄՌԸ-ին տրամադրել զինամթերքներ, իսկ հետո սպառնացել էր, որ իր խմբավորումը կհեռանա Բախմուտից։ 

News.am