Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում:

Անխոս այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանում:

Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին»: