Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Չկան իրական բանակցություններ, եւ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով

Խաղաղության համապարփակ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում. մայիսի 12-ին,  Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:

Նա  ընթերցեց Դիվանագիտական խորհրդի կազմած փաստաթղթից մի հատված, որում ասվում է. «ՀՀ Ինքնիշխան տարածքում` Տավուշի մարզում սկսված գործընթացը առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման եւ սահմանգծման անօրինական գործընթաց` ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլիացիայի շարունակություն` թվացյալ խաղաղության պայմաններում: Դրա լավագույն  ապացույցը Ալիեւի ձեւակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջաբնական կողմը ստանում է տարածքներ: Միեւնույն ժամանակ անվտանգության որեւէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, եւ հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակվում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին:

Այլեւս հստակ է, որ չկան իրական բանակցություններ, եւ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով:

 Ավելին` երկու երկրների միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի,  ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիրոն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը: Նման մոտեցումն  անընդունելի է, հակաիրավական եւ հակասահմանադրական»: