Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. Արմեն Ռուստամյան

Ազգային ժողովի ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Ադրբեջանը գնա Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք  չէ ժողովրդին վախեցնել,  բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ  ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել», – ասաց նա:

Ըստ նրա`  բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ  Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:

Պատգամավորը գիտի, թե որքան պետք է զիջել Ադրբեջանին, որ բավարարեն նրա պահանջները. «Մինչև  հայկական ինքնության վերացումը,  մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար,  այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք  էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի: Լոկալ բախումների ընթացքում Ադրբեջանը միշտ հասել է ինչ-որ լոկալ արդյունքների, բայց այս անգամ, կարծում եմ, որ իրենց խնդիրն ավելի գլոբալ է»,-ասաց Ռուստամյանը:

Նա ասաց՝ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա` պաշտպանելու իր նվազագույն  շահերը:

«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օրերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: