Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

«Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության համաձայնագրի» ստորագրման վերաբերյալ  հայտարարությանը։

Քաղաքագետը նշել է.

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։

Երկու նկատառում․

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ:

Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։

Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի:

Կարդացեք նաև՝ Ֆիդանը գիտի, թե երբ է ստորագրվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը