Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում. ես էդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ-ն չունի. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանու անդամ Կարեն Բադալյանի մասին

Ո՞ւմ գողանան, ինչի՞ համար գողանան, գողանան՝ ի՞նչ անեն, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կերպ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն հայտարարությանը, որ ՔՊ-ն Գյումրիում փորձում է մանդատ գողանալ։

«Իսկ իշխանափոխություն անելու համար պետք ա էդ մի հոգուն գողանա՞լ, որ իշխանափոխություն լինի, հա՞, լո՞ւրջ։ Իսկ մինչև այդ խնդիր չկա՞ր ավագանիում, իսկ հիմա կա՞։

Հիմա մի հոգի որոշել ա իրա մանդատը դնի, հետո որոշել ա՝ հետ վերցնի։ Ըհը, ստեղ ՔՊ-ն բան ունի… Ստեղ պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել։ Հիմա ինչ-որ մեկը փորձում ա Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ։ Էլ չեմ ասում, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են, և բոլոր տեղերում տենց բաներ կան»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ ՔՊ-ն որևէ կապ ունի Գյումրիում Կարեն Բադալյանի՝«Մեր քաղաքը» 6 հոգանոց խմբակցությունից դուրս գալու որոշման հետ։

ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ Կարեն Բադալյանին չի ճանաչում։

«Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ես էդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ-ն չունի։ Ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Գյումրեցին իրա ընտրությունը կատարել ա, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները։ Վերջիվերջո մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել և  աննախադեպ շատ ձայն ենք հավաքել՝ երկու անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ տեղը, բայց շարունակում ենք աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Սոս Հակոբյանն ավելի վաղ նշել էր՝  իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ և կամաց-կամաց սկսել է խարխլել այն իրավիճակը, որ կա գյումրեցիների ընտրության արդյունքում:

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։

Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյանը բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում  է անտեսել իմ դիմումը, ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:

Այսինքն՝ այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասել էր Սոս Հակոբյանը՝ ընդգծելով, որ ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայել, և դա իշխանության շահն է:

Ըստ փաստաբանի՝ այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ժողովրդի քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։