Սփյուռքը ճնշում է բռնակալներին
Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է սահմանափակել արտերկրից ընտրական չվերթների թիվն Իսրայել՝ նվազեցնելու համար հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վարչապետ Նեթանյահուի դեմ ձայների թիվը: Ինչպես «Հաարեցին» հայտնել է պաշտոնյաներից մեկը, որ խուսափել է անունը հրապարակել, տրանսպորտի նախարարությունում՝ Նեթանյահուի կուսակից նախարար Միրի Ռեգեւի գլխավորությամբ արդեն չվերթների սահմանափակման հարցն են քննարկում: Իսրայելցիները քվեարկելու համար պարտավոր են անձամբ երկիր մեկնել: Նամակով քվեարկել չեն կարող, արտերկրից քվեարկելու արտոնություն ունեն զինվորական ծառայության մեկնածները, միջազգային առաքելություն իրականացնող դիվանագետները: Իսրայելը շատ մեծ սփյուռք ունի, եւ պատահական չէ, որ մի շարք կազմակերպություններ նպաստում են, որ Իսրայելի քաղաքացին արտերկրից վերադառնա, մասնակցի ընտրություններին: Դրանց թվում «Թռչիր եւ քվեարկիր» նախաձեռնությունը (America Israel Democracy (AID) Coalition’s Fly & Vote) նպատակ ունի հոկտեմբերի 27-ին նախատեսված Իսրայելի ընտրությունից առաջ չվերթներն ավելացնել՝ հնարավորինս շատ քաղաքացիների ընտրությանը մասնակցելու հնարավորություն տալով: Թեմային կանդրադառնանք առաջիկայում՝ «Ազգի» տպագիր համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա










