Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկվել են, բայց դաշինքը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն

 ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։ Կարևոր է վերացնել պաշտպանական համագործակցության խոչընդոտները, ինչը կապահովի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանությունը,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. հայտնում է РБК-ն։

Նրա խոսքով՝ զինանոցների  պաշարներն անհրաժեշտ է լրացնել Գերմանիայում և Դաշինքի շատ այլ երկրներում։ Ստոլտենբերգը գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են։

Ստոլտենբերգը նաև հավելել է, որ վերջերս հանդիպել է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել արգելքների վերացման հարցը։ Չնայած Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ցանկությանը, դաշինքը դեմ է հակամարտությունը սառեցնելուն և Ռուսաստանի թելադրած պայմաններն ընդունելուն։ Այս դիրքորոշումը Ստոլտենբերգը հնչեցրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը յութուբյան ալիքով, գրում է kommersant.ru-ն։