Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Մեր կոչն է ոստիկաններին՝ հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները. Մայր Աթոռ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🟣 Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։

🟣 Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

🟣 Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։

🟣 Մեր հորդորն է նաև հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։

🟣 Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման։

🟣 Թող Ամենազոր Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, համերաշխություն և հուսառատ կյանք՝ մեր ժողովրդին։