Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների մասով որևէ նորություն չկա, վիճակը պահպանվում է, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ չնայած ընտանիքի անդամների հետ ԿԽՄԿ-ի միջոցով իրականացվող կապի՝ արտաքին աշխարհից այդ անձանց իզոլացումը շարունակում է պահպանվել։
«Ռազմագերիների պաշտպանության իրավունքը կրկին իրականացվում է բացառապես ադրբեջանցի փաստաբանների միջոցով։ Բացառությամբ մեկ դեպքի՝ մյուսները ներկայացված են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Իսկ վերջիններս ընկալվում են որպես գրպանային փաստաբանություն իրականացնող համայնք, սերտաճած են պետությանը և պետության ցուցումներն են իրականացնում։
Ինչ վերաբերում է դատավարություններին, ապա դրանց մասով գործընթացներ կան, սակայն այս ամսվա ընթացքում փաստացի դրանք չեն կարող սկսվել, որովհետև մեղադրանքներն են լրացվում»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց դիտարկումներով՝ դատավարությունները կարող են սկսվել 2025 թվականի գարնանը։
Անդրադառնալով հնարավոր ազատարձակումներին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ նման բան հնարավոր է, բայց ոչ Արցախի նախկին ղեկավարության մասով։
«Առանց դատապարտման ակտերի՝ այս անձինք չեն կարող հայրենադարձվել։ Բացի այդ՝ նրանցից կորզվում են ցուցմունքներ, որոնք օգտագործվում են միջազգային դատական գործընթացներում։ Բայց չենք բացառում, որ մարդասիրական ժեստի ներքո կարող է տեղի ունենալ միջոցառում բացառապես 2023 թվականի ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ»,- ասաց բանախոսը։
Հարցին՝ որքա՞ն կարևոր է Հայաստանի մասնակցի նոյեմբերին Բաքվում կանալիք COP 29-ի գագաթնաժողովին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ հաշվի առնելով, որ նշված միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ը՝ Հայաստանը չպետք է մեկուսանա այդ կառույցի հարթակներից և չհրաժարվի մասնակցությունից միայն այն բանի համար, որ միջոցառումը կայանում է Բաքվում։
«Սա կարևոր պլատֆորմ է ճիշտ աշխատանք տանելու համար»,- ասաց նա։
Միջազգայի իրավունքի մասնագետը նաև խիստ կարևորեց միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերը, որոնցից հրաժարվելը ցույց կտա, որ որպես պետություն՝ Հայաստանն այլևս ունակ չէ իրավական քայլերի գործադրմամբ առաջ մղել հայկական կողմի շահերը։