Ժամանակին՝ երևի սեպտեմբերին կամ օգոստոսին, իշխանությունից մեր որոշ գործընկերներ նաև արտահերթի մասին են խոսել, և ասել են, որ դա պետք է գնահատվի, մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա և գնում ենք հերթական ընտրությունների։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ ՔՊ-ն արդեն իսկ որոշել է՝ նախընտրական շտաբը ինքն է գլխավորելու, Հարությունյանն ասաց՝ավելորդ ինտրիգներ փնտրել պետք չէ։
«Շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունն ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության, ճիշտ կազմակերպի իր աշխատանքը, և այդ որոշումը պայմանավորված է դրանով։ Եվ առհասարակ, քաղաքական ուժը ամեն ընտրությունից հետո հենց հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ և նախապատրաստվել ընտրություններին»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իրադարձությունները կարծես տանում են նրան, որ մինչև ընտրություններ ՔՊ-ի բոլոր մրցակիցները կալանավորվեն, ուրեմն ինչո՞ւ է իշխանությունը շտապում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ ձեր հեգնանքն ու սարկազմը տեղին չէ, որովհետև մենք ապրում ենք իրավական պետությունում, և բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում՝ լինի դա ընդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում, կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։
Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ, այնուամենայնիվ, այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել և զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին ավարտվեն։ Այսինքն՝ ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում, և նման խոսակցությունները ի չիք կլինեն»։
Հարցին՝ կարո՞ղ է նշել գեթ մեկ իշխանավոր, որը կալանավորվել է խոսքի համար, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.
«Մենք խոսքի համար չենք կալանավորում, և առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորում են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում»։




