Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կշարունակվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն երկխոսությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա շեմին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Աղբյուր` Փաստինֆո